ՀայաստանՊատահար

2020-ի նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով ևս 7 անձ է ձերբակալվել

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվել է ևս 7 անձ։

Դեպքից անցել է գրեթե հինգ տարի, սակայն քննությունը շարունակվում է, և այժմ արդեն դատարան են ներկայացվել միջնորդություններ՝ նշված անձանց նկատմամբ վարչական հսկողություն որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախքան այս՝ դեռևս մայիսին Քննչական կոմիտեն հայտնել էր նույն գործի շրջանակում 9 անձի ձերբակալման մասին։

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեբների 10-ին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը հայտնեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Ալիևի և Պուտինի հետ, մայրաքաղաք Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը։ Ազգային ժողովում նույնպես անհանգիստ էր, ցուցարարները մտել էին նիստերի դահլիճ:

Նշենք, որ 2020-2021թվականների բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 362 մարդ ձերբակալվել է։