ՀայաստանՊատահար

Խաբեության միջոցով գումար ստանալու երկու դեպքով մեղադրական գործերն ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ երկու քաղաքացիներ խաբեությամբ գումարներ են ստացել՝ ապօրինի ձևով վարորդական վկայականներ տրամադրելու պատրվակով։

Առաջին դեպքով Երևանի բնակիչը 2024 թվականի սեպտեմբերին ասել է իր ծանոթին, թե կարող է Լոռու մարզում նախկին գործընկերների օգնությամբ վարորդական վկայականներ ապահովել։ Նա պահանջել է յուրաքանչյուրի դիմաց 300․000 դրամ։ Նրա հաշվեհամարին փոխանցվել է 1.200.000 դրամ չորս վկայականի դիմաց։ Սակայն նա գումարները յուրացրել է և որևէ պաշտոնյայի չի փոխանցել։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կիրառվել է տնային կալանք։

Երկրորդ դեպքով Արմավիրի բնակիչը մի քանի անձի խոստացել է գումարի դիմաց կազմակերպել վկայականների տրամադրումը։ Նա ստացել է տարբեր չափի գումարներ, սակայն խոստումը չի կատարել։ Քաղաքացիները պահանջել են վերադարձնել գումարները։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով։

Երկու գործերն էլ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան՝ մեղադրական եզրակացություններով։

Սեդա Մարտոյան