
Իրավապաշտպանը ահազանգում է՝ Աբովյանի ՔԿՀ-ում պահվող մոր և մանկան իրավունքները խախտվում են
Երեկ՝ հուլիսի 12-ին, Աբովյանի քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել երեք անչափահաս զավակի մայր, 36-ամյա Լիանա Հարությունյանը՝ իր ութ ամսական դստեր հետ։ Ըստ մեղադրանքի՝ նա «օժանդակել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն։ Նրա կալանավորումը, հատկապես հաշվի առնելով մանկահասակ երեխայի առկայությունը, առաջացրել է իրավապաշտպանների և հասարակության մի մասի լուրջ մտահոգությունը՝ խախտված իրավունքների և մարդկային արժանապատվության տեսանկյունից։
Հարությունյանի պաշտպան, իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը սոցիալական ցանցերում հրապարակած գրառումներում մտահոգություն է հայտնել կալանավայրում մոր և մանկան պահման պայմանների վերաբերյալ։ Նա նշել է, որ այցելել է Աբովյանի ՔԿՀ, որտեղ պարզել է, որ երեխայի մոտ առաջացել է փորլուծություն, մաշկի գրգռվածություն, իսկ խցում, նրա խոսքով, չկար տաք ջուր, և երեխան ամբողջ գիշեր եղել է անհանգիստ։ Փոստանջյանը հավելել է, որ բուժօգնությունն ապահովել է միայն քրեակատարողական հիմնարկի բուժքույրը, և որ մանկաբույժի զննում չի իրականացվել։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ խուցը, որտեղ պահվում են Լիանա Հարությունյանն ու նրա երեխան, բացարձակապես հարմար չէ նման տարիքի երեխայի կեցության համար։
Ի պատասխան հրապարակված մեղադրանքների՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ Փոստանջյանի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ծառայության տեղեկացմամբ՝ մոր և մանկան համար նախատեսված խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված են տաք և սառը ջրով, ինչպես նաև կահավորված են մանկական մահճակալներով։ Ըստ Քրեակատարողական ծառայության՝ Լիանա Հարությունյանին տրամադրվել է պատշաճ սնունդ՝ նախատեսված մանկահասակ երեխաների համար, այդ թվում՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։
Այս պահին Լիանա Հարությունյանի ութ ամսական դուստրը, ըստ ՔԿԾ-ի, գտնվում է քաղաքացիական բուժհաստատությունում՝ լրացուցիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով։