ՀայաստանՊատահար

Շանը մեքենայով քարշ տվող տղամարդը ձերբակալվել է. կենդանին այժմ ապահով է

Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ՝ ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ծառայողները հայտնաբերել և ձերբակալել են Բյուրեղավանի 62-ամյա բնակչին, որը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել՝ շանը մեքենայից կապելով և քարշ տալով։

Հայտնի է, որ դեպքի տեսանյութը լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է տղամարդը շանը կապել մեքենայից և վարել՝ անխնա քաշելով կենդանուն։ Դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավան քաղաքում։

Իրավապահները պարզել են մեքենայի վարորդի ինքնությունը, իսկ նա և իր ավտոմեքենան տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանություն։

Ներկայումս շունը գտնվում է կլինիկայում, որտեղ բուժաշխատողները վիրակապել են կենդանու ոտքերը։ Ըստ բուժանձնակազմի՝ շան վիճակը կայուն է։

Սեդա Մարտոյան