ՀայաստանՏեխնոլոգիա

Կառավարությունը 1․94 մլրդ դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրին

«Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման աշխատանքների համար կառավարությունը 1․94 միլիարդ դրամ է հատկացրել։ Ծրագիրը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած նիստի ժամանակ։

Ինժեներական քաղաք կառուցելու ծրագիրը ուժի մեջ է մտել 2020 թվականի հուլիսի 25-ին։ «Ինժեներական քաղաք 1»-ը, որի կառուցումը մեկնարկել է 2017 թվականին, նույնպես հովանավորվել է պետբյուջեից (1․6 միլիոն դոլար)։ Բացի կառավարության հատկացրած գումարից, «Ինժեներական քաղաք 1»-ի կառուցման համար մասնավոր 22 ընկերություններ հատկացրել են 15 միլիոն դոլար։

Նախատեսվում է 2025 թվականին կապալառու ընկերությանը վերջին փոխանցումները անել պետբյուջեից՝ մոտ 1․1 միլիարդ դրամի սահմաններում։

Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները, արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ, կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարձր տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով: «Ինժեներական քաղաքը» կառուցվելու է Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժ թաղամասում։

Սաթենիկ Ավետիսյան