
Քննչական գործողություններ հայտնի սպորտային ակումբներում. ի՞նչ է կատարվում «Reebok»-ում և «Gold’s Gym»-ում
Այս պահին իրավապահները ստուգումներ են իրականացնում Երևանում հայտնի երկու սպորտային ակումբներում՝ «Reebok» և «Gold’s Gym»-ում։ Քննչական կոմիտեն հաստատել է, որ տեղում իրականացվում են քննչական գործողություններ՝ հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։
Չնայած քննչական մարմինները պաշտոնապես չեն նշել կոնկրետ անձանց անուններ, մամուլում արդեն շրջանառվում են տվյալներ ակումբների հնարավոր կապերի մասին․ ենթադրվում է, որ «Reebok»-ը պատկանում է նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին, իսկ «Gold’s Gym»-ը՝ գործարար Էրիկ Մարգարյանին։
Քննչական կոմիտեն ձեռնպահ է մնում գործի մանրամասներ հրապարակելուց՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը, սակայն նշվում է, որ գործողությունները միտված են պարզելու՝ արդյոք այս ակումբներում եղել են հարկերից խուսափելու փաստեր։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հարկային ստուգումներն ու վերահսկողության ուժեղացումը վերաբերում են մի շարք ոլորտների, և սպորտի ոլորտը նույնպես բացառություն չէ։ Քննությունը շարունակվում է, իսկ արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։