
Խաբեություն համացանցում. հանցախումբը հափշտակել է ավելի քան 800 միլիոն դրամ
Հայաստանում բացահայտվել է խոշոր միջազգային հանցագործություն։
Մի խումբ անձինք ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որի միջոցով կեղծ ներդրումային կայքերով խաբել են հազարավոր մարդկանց ու հափշտակել ավելի քան 810 միլիոն դրամ։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ կազմակերպությունը ստեղծվել է 2021 թվականի հոկտեմբերին և ներառել է շուրջ 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ։ Օգտագործելով կեղծ բովանդակությամբ կայքեր և հատուկ ստեղծված համակարգչային համակարգեր՝ կազմակերպության անդամները հասանելիություն են ստացել օտարերկրյա քաղաքացիների անձնական տվյալներին՝ առանց նրանց թույլտվության։
Այնուհետև, վստահություն ներշնչելով, քաղաքացիներին առաջարկել են գումարներ ներդնել բարձր տոկոսով եկամուտ ապահովող ծրագրերում։ Փաստացի այդ գումարները փոխանցվել են կազմակերպության վերահսկողության տակ գտնվող հաշվեհամարներին։
Հանցավոր մեխանիզմի միջոցով տուժել է ավելի քան 1400 մարդ՝ հիմնականում արտասահմանյան երկրներից։
Կազմակերպության ակտիվ անդամներից մեկի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։ Նա մեղադրվում է հանցավոր խմբի կազմում աշխատելու և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու համար։