ՀայաստանՊատահար

Կողոպուտ հիվանդանոցում. հափշտակվել է վճարային տերմինալ

Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոնից հափշտակվել է վճարային տերմինալ՝ 447 հազար 700 դրամ գումարով։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 21-ին։ Երկու անձ, գործելով խմբով, ապօրինի մուտք են գործել հիվանդանոց, վերցրել տերմինալը և դուրս եկել տարածքից։

Հերթապահ բուժքույրը փորձել է միջամտել՝ նրանց հետևից վազելով, և գոռալով պահանջել, որ չտանեն տերմինալը, սակայն կողոպտիչները չեն արձագանքել ու հեռացել են՝ կատարելով հափշտակությունը բացահայտ կերպով։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտ):

Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մյուս կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Սեդա Մարտոյան