ՀայաստանՊատահար

Օտարերկրացի զբոսաշրջիկը Հայաստանում հայտնվել է դատական գործի մեջ

Թբիլիսիում բնակվող ռուսազգի, Ղազախստանի քաղաքացի Դիանա Սիլկինան Հայաստան էր ժամանել երաժշտական տոնախմբության տրամադրությամբ։ Նա եկել էր մասնակցելու Զեմֆիրայի և Ջենիֆեր Լոպեսի համերգներին, բայց այսօր ոչ թե հիշում է բեմը, այլ մի միջադեպ, որի պատճառով, ըստ էության, գերի է դարձել Հայաստանում։

Մեկ բաժակ սուրճի պատճառով Սիլկինայի արձակուրդը վերածվել է դատական պատմության։ Երևանում սրճարաններից մեկում տեղի ունեցած վեճից հետո նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։ Իրավապահները նրան որպես խափանման միջոց կիրառել են երկրից դուրս գալու արգելքը, ինչի հետևանքով Դիանան արդեն մի քանի շաբաթ է՝ չի կարողանում վերադառնալ Վրաստան։

Ըստ Սիլկինայի փաստաբան Ռոման Երիցյանի՝ իր պաշտպանյալն արդեն տվել է ամբողջական ցուցմունք, իր մշտական բնակության վայրը Վրաստանն է, Հայաստանում չունի բարեկամներ կամ ծանոթներ, և որևէ կերպ չի խուսափելու քննությունից։ Նա արձակուրդում է մինչև օգոստոսի 10-ը, իսկ Հայաստանում մնալու համար չունի ոչ հարմարավետ պայմաններ, ոչ էլ կենսական միջոցներ։

Երիցյանը դիմել է խափանման միջոցը վերանայելու պահանջով, սակայն այս պահին որևէ իրավական որոշում չկա՝ անգամ մերժում, որը թույլ կտար իրավական ճանապարհով այն բողոքարկել։ Նրա խոսքով՝ քննիչի և դատախազի պատասխանները դեռևս բանավոր են ու նախապայման են դնում, որ Դիանան պետք է ընդունի մեղքը։ Այսինքն՝ անգամ եթե նա այդ արարքը չի կատարել, նրան առաջարկում են զղջալ՝ պարզապես ազատ արձակվելու համար։

Փաստաբանի փոխանցմամբ՝ գործով որևէ ակտիվ արձագանք չկա ոչ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանից, ոչ դատախազությունից։ Դատախազությունը փաստորեն դիմումը վերահասցեագրել է այն անձին, ում դեմ հենց բողոք է ներկայացվել։ Իսկ օտարերկրյա դիվանագիտական կառույցներից միայն Ղազախստանի դեսպանատունն է հետաքրքրություն ցուցաբերել։

Սիլկինան, ըստ փաստաբանի, չի եղել դատված կամ որեւէ երկրի իրավապահ համակարգով հետապնդված, նրան վերագրվող արարքն էլ դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, և օրենքը հնարավորություն է տալիս գործը քննելու առանց մեղադրյալի մասնակցության։ Այնուամենայնիվ, նա այս պահին զրկված է վերադառնալու իր բնական սոցիալական միջավայր։