
Մանկապարտեզը վաճառվել է գինից 8 անգամ ավելի էժան. նախկին թաղապետը դատարանում է
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին թաղապետը կանգնելու է դատարանի առաջ՝ համայնքին շուրջ 14 միլիոն դրամի վնաս պատճառելու մեղադրանքով։
Դատախազությունն արդեն Հակակոռուպցիոն դատարան է փոխանցել նրա դեմ հարուցված քրեական գործը։
Ըստ Քննչական կոմիտեի՝ պաշտոնյան դեռ 2006 թվականին մանկապարտեզի տարածքը՝ 141 քմ, վաճառել է առանց գույքի գնահատման՝ ընդամենը 1 միլիոն 910 հազար դրամով։ Այդ ընթացքում տարածքի շուկայական արժեքը եղել է ավելի քան 16 միլիոն։
Վաճառքի պայմանագիրը կնքվել է 2007 թվականին, իսկ ամբողջ գործարքն իրականացվել է ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերության օգտին։
Արդյունքում համայնքը կրել է առանձնապես խոշոր վնաս, և պաշտոնյան մեղադրվում է իրեն վստահված գույքը վատնելու եղանակով հափշտակելու մեջ։
Նրա դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի հիման վրա։