
Սյունիքում մարիխուանայի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել. չորս մարդ կալանավորվել է
Մեղրի-Ագարակ ճանապարհին ոստիկանները բացահայտել են մարիխուանայի խոշոր խմբաքանակի մաքսանենգ տեղափոխում։
Խոսքը 12 կիլոգրամ 660 գրամ թմրամիջոցի մասին է, որը Հայաստան էր ներկրվել մաքսանենգ ճանապարհով։ Մեղադրյալներն արդեն կալանավորված են։
Հուլիսի 27-ի վաղ առավոտյան Մեղրի-Ագարակ ճանապարհին պարեկները նկատել են կասկածելի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա։ Երբ փորձել են կանգնեցնել մեքենան, վարորդը չի ենթարկվել հրահանգին։ Սկսվել է հետապնդում, որի ընթացքում մեքենայի ուղևորներից մեկը փաթեթներ է նետել պատուհանից։ Վերջիվերջո պարեկներին հաջողվել է կանգնեցնել մեքենան հողածածկ ճանապարհին։
Տեղում ձերբակալվել են երկու ուղևոր՝ կին և տղամարդ։ Վարորդը փորձել է փախչել, սակայն նրան ևս բռնել են Մեղրիի շենքերից մեկի բակում։ Դեպքի վայրում իրականացվել է զննություն, ինչի արդյունքում հայտնաբերվել են 12 փաթեթներ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով։
Քրեական գործի շրջանակում պարզվել է, թե ում համար էր նախատեսված թմրամիջոցի այս խմբաքանակը։ Հաջորդ օրը Երևան-Երասխ ավտոճանապարհին ձերբակալվել է նաև այդ անձը։
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել են չորս անձինք, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել են։