ՀայաստանՊատահար

Հնդիկները գործադուլ են հայտարարել․ նրանց խոսքով՝ «աշխատում են ատրճանակի սպառնալիքի տակ»

Օգոստոսի 6-ից Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի 205 հնդիկ աշխատողներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով վճարել իրենց երեք ամսվա աշխատավարձերը և բարելավել աշխատանքային պայմանները։ Աշխատողները պնդում են, որ ընկերության տնօրենը խաբել է իրենց, սպառնացել է ատրճանակով և ստիպել աշխատել առանց աշխատավարձը վճարելու։ Հնդիկները ավելի վաղ՝ օգոստոսի 7-ին, փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը։

Հնդիկ աշխատողները պատմում են, որ դիմել են Հնդկաստանի դեսպանատուն և ոստիկանություն, բայց որևէ աջակցություն չեն ստացել։ Նրանք ընդգծում են, որ խնդիրներ չունեն հայերի հետ, բայց պահանջում են իրենց աշխատավարձը, որպեսզի կարողանան վերադառնալ հայրենիք։

Ֆաբրիկան տեղակայված է նախկին հանրախանութի շենքում, որտեղ աշխատողները ապրում և սնվում են։ Տարածքում տեղադրված է 41 տեսախցիկ, աշխատում են հսկիչներ, մուտքն ու ելքը կոշտ ժամային կարգավորումներով է, իսկ երրորդ անձանց մուտքը արգելված է։ Լրագրողներին նույնպես չեն թողնում ֆաբրիկա մտնել։

Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ժամանել է Իջևան՝ կարգավորելու հարցը։ Ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը նշել է, որ աշխատողները պահանջում են աշխատավարձի բարձրացում և բարելավված պայմաններ, մինչդեռ նրանց հետ կնքված է 3 տարվա աշխատանքային պայմանագիր, և բարձրացված պահանջները ընկերությունն այս պահին չի կարող բավարարել։

Նշենք, որ կարի արտադրամասում աշխատում են նաև 170 հայ աշխատակիցներ։