ՀայաստանՊատահար

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է հողերի ապօրինի յուրացման, փողերի լվացման և անօրինական բիզնեսով զբաղվելու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, ապօրինի հողերի ձեռքբերման, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման հատկանիշներով։

Քննությամբ պարզվել է, որ Աբրահամյանը, օգտագործելով իր ազդեցիկ դիրքը, տարիներ շարունակ մասնակցել է պետական և համայնքային հողերի ապօրինի ձեռքբերման գործընթացներին՝ դրանք ձևակերպելով մերձավորների և փոխկապակցված անձանց անվամբ։ Մասնավորապես, արձանագրվել է, որ 2008–2020 թվականներին կազմակերպվել են պայմանական աճուրդներ, որոնց միջոցով շուկայականից անհամեմատ ցածր գներով օտարվել են հողամասեր Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերում։ Դրանց թվում են 75 հազար քմ տարածք Դիլիջանում, 120 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող Նարեկ համայնքում, ինչպես նաև գրեթե 48 հազար քմ հող Մխչյանում։

Բացի դրանից, նախաքննության տվյալներով՝ Աբրահամյանը 2006–2016 թվականներին փաստացի զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ վարելով երկու փոխկապակցված ընկերություն, որոնք զբաղվել են ավազի արդյունահանմամբ։ Այդ ընկերություններից մեկի՝ «Մեծն Հովնան» ՍՊԸ-ի միջոցով, ըստ վարույթն իրականացնող մարմնի, Աբրահամյանը վերահսկել է նաև Արաքս գետի հունից ավազի հանման գործընթացը, ինչի հետևանքով փոխվել է գետի բնական հունը, առաջացել են նոր հողային զանգվածներ և տեղի է ունեցել հողի դեգրադացում։ Կոնկրետ տվյալներով՝ փոխվել է գետի 6 կմ հատվածի հունը, իսկ պետական սահմանի ուղղությամբ առաջացել է շուրջ 307 հեկտար մակերեսով կղզյակ։

Ապօրինի բիզնեսից և հողերի ձեռքբերումից ստացված եկամուտների մի մասը, ըստ մեղադրանքի, օրինականացվել է՝ ձևական գործարքների միջոցով խառնելով այլ միջոցների հետ։ Ընդհանուր հաշվարկով՝ անօրինական գործարքներից ձեռք է բերվել շուրջ 230 միլիոն դրամ։

Աբրահամյանի և նրա մերձավորների գույքի վրա դրվել է կալանք։ Քրեական գործն ուղարկվել է դատարան։

Սեդա Մարտոյան