
Կառուցապատող ընկերության տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր հափշտակության մեջ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը՝ կապված անշարժ գույքի գործարքի միջոցով առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքի հետ։
Նախաքննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատման ընկերության տնօրենը ներկայացրել է շուկայականից մի քանի անգամ ցածր գույքագնման հաշվետվություն։ Դրա հիման վրա կառուցապատող ընկերության ղեկավարը գնել է Երևանում՝ Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարակից հատվածում գտնվող անշարժ գույք՝ վճարելով մոտ 75 միլիոն դրամ, այն դեպքում երբ գույքի իրական արժեքը գերազանցել է 370 միլիոն դրամը։
Հիմք ընդունելով ձեռք բերված տվյալները՝ գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել գույք ձեռք բերողին՝ խարդախության, իսկ գնահատման հաշվետվություն տրամադրողին՝ օժանդակության և կեղծ փաստաթղթեր օգտագործելու հոդվածներով։
Գույքի նկատմամբ կիրառվել է մոտ 296 միլիոն դրամի չափով արգելանք։ Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությամբ։