
Զինվորական պաշտոնյան գողացել է 6,6 հազար լիտր վառելիք
Պաշտպանության նախարարության զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության նախկին պետը մեղադրվում է ավելի քան 3,6 մլն դրամ արժողությամբ վառելիքի հափշտակության և փաստաթղթերի կեղծման մեջ։
Քննությամբ պարզվել է, որ նա յուրացման եղանակով վերցրել է զորամասին հատկացված շուրջ 6,6 հազար լիտր ավտոբենզինի կտրոններ՝ դրանք չմուտքագրելով հաշվառման մատյանում։ Բացի այդ, կեղծ տվյալներ է ներառել 2023 թվականի հունվար–փետրվար ամիսների փաստաթղթերում և յուրացրել ևս մոտ 500 հազար դրամ արժողությամբ վառելիք։
Պետությանը հասցված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերադարձվել է։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան, իսկ մեղադրյալը ժամանակավորապես զրկվել է պաշտոնավարելուց և ՀՀ-ից մեկնելու իրավունքից։