
Բետոն արտադրող ընկերությունը տուգանվել է շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կասեցրել է «Մետտա գրուպ» ՍՊԸ-ի բետոնափշրանքային և խճի արտադրության աշխատանքները՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվության բացակայության հիմքով։ Ընկերությունը, որը զբաղվում է շինարարությամբ և շինանյութերի վաճառքով, գործունեությունն իրականացրել է առանց համապատասխան իրավական փաստաթղթերի։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից ընկերությանը նշանակվել է 300,000 դրամի վարչական տուգանք։ Բացի դրանից, ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ:
Ստուգման արդյունքներով՝ պարզվել է, որ «Մետտա գրուպ»-ը շահագործում էր բետոնահանգույց և խճի ջարդիչ կայան՝ առանց մթնոլորտային արտանետումների վերահսկման ու թույլտվության, ինչը ՀՀ օրենսդրությամբ համարվում է բնապահպանական լուրջ խախտում։
Տեսչական մարմինը հիշեցնում է, որ նմանատիպ գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունները պարտավոր են ունենալ օրենքով սահմանված թույլտվությունները՝ շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու համար։