ՀայաստանՊատահար

Դատախազը պահանջում է 2,5 տարվա ազատազրկման ենթարկել վարչապետի ավտոշարասյան նախկին ղեկավարին

Օգոստոսի 18-ին տեղի ունեցած դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց վարչապետի ավտոշարասյան նախկին ղեկավար Արամ Նավասարդյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման և մեկ տարով զրկել մեքենա վարելու իրավունքից։

Հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանի խոսքով՝ Նավասարդյանի կատարած հանցագործությունը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց համար օրենքը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում։

Զոհված Սոնա Մնացականյանի հայրը նշեց, որ ընտանիքը պահանջում է ավելի խիստ պատիժ՝ 4 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Նավասարդյանի վարած մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին, ինչի հետևանքով մահացել էին և՛ կինը, և՛ պտուղը։ Մեղադրանքի համաձայն՝ Նավասարդյանը գերազանցել է սահմանված արագությունը, իսկ ավտոշարասյունը վրաերթից հետո չի կանգնել՝ օգնություն ցուցաբերելու համար։

Նիստում քննարկվեց նաև փոխհատուցման հարցը․ Նավասարդյանի պաշտպանները պնդեցին, որ գույքային պատասխանատվությունը պետք է դրվի գործատուի՝ այսինքն՝ ՀՀ կառավարության վրա։

Նախորդ նիստում Մնացականյանի ընտանիքը պահանջել էր 10 մլն դրամ փոխհատուցում՝ Սոնա Մնացականյանի գերեզմանի ու հուղարկավորության ծախսերի համար։