
Անիի նախկին ղեկավարի գործը դատարանում է. համայնքին հասցվել է 19 մլն դրամի վնաս
Շիրակի մարզի Անի համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է համայնքապատկան անշարժ գույքերը իր ազգականին անհամեմատ ցածր գներով վաճառելու համար։ Դրանով համայնքին պատճառվել է մոտ 19 միլիոն դրամի վնաս։
Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝ պաշտոնյան տարիներ շարունակ կազմակերպել է աճուրդներ, որտեղ համայնքին պատկանող շենք-շինությունները վաճառվել են շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գներով։ Գույքն օտարվել է նրա ազգականին։
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար։
Հարկ է նշել, որ միայն 2025-ի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում դատարան է ուղարկվել արդեն 13 համայնքի ղեկավարի վերաբերյալ գործ։ Ընդհանուր վնասը համայնքներին կազմում է ավելի քան 424 միլիոն դրամ, որից վերականգնվել է միայն փոքր հատվածը։