
Բացահայցվելէ շինանյութի շուկայում շուրջ 3.5 միլիարդ դրամի թաքցված շրջանառություն
Շինանյութի խոշոր առևտրային ցանցերից մեկում բացահայտվել է ստվերային շրջանառության մեծածավալ դեպք։ Տարիներ շարունակ ընկերությունը ապրանք է վաճառել առանց որևէ փաստաթուղթ կամ ՀԴՄ կտրոն տրամադրելու։ Սա հնարավորություն էր տվել թաքցնել իրական վաճառքները և դրանք զգալիորեն փոքր ցուցադրել հարկային մարմիններին ներկայացվող տվյալներում։
Նախնական հաշվարկներով՝ միայն չհայտարարված շրջանառությունը կազմել է մոտ 3․5 միլիարդ դրամ։ Դրա արդյունքում պետությունը զրկվել է շուրջ 1․1 միլիարդ դրամ հարկերից։ Բացի ֆինանսական կորուստից, այսպիսի սխեմաները խաթարում են նաև շուկայում ազնիվ մրցակցությունը՝ անբարենպաստ պայմաններ ստեղծելով այն ընկերությունների համար, որոնք աշխատում են օրինական դաշտում։
Դեպքի առիթով արդեն հարուցվել է քրեական գործ։ Քննչական մարմինները ընկերության հասցեներում խուզարկություններ են իրականացրել, առգրավվել են փաստաթղթեր, տվյալների շտեմարաններ և էլեկտրոնային կրիչներ։ Նշվում է, որ պետությանը հասցված վնասը ենթակա է վերականգնման։