ՀայաստանՊատահար

Վիրաբույժը զոհված զինծառայողի մորից և այլ քաղաքացիներից ապօրինի գումար է պահանջել

Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի վարիչը տարբեր քաղաքացիներից, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մորից, ապօրինի գումարներ է պահանջել ու ստացել՝ պետական պատվերի շրջանակում անվճար տրամադրվող բժշկական ծառայությունների համար։

Նախաքննությամբ պարզվել է, որ վիրաբույժը զոհված զինծառայողի մորից վիրահատության համար պահանջել է 270 հազար դրամ, այն դեպքում, երբ նա պետության կողմից անվճար բուժօգնություն ստանալու իրավունք ուներ։

Արդարացման համար նա նշել է, թե պետք է օգտագործվի իրեն պատկանող գործիք, մինչդեռ դրա արժեքը փոխհատուցվում է պետական պատվերով։ Բացի այդ, վիրահատության ընթացքում կիրառվել է արդեն օգտագործված գործիք, որի բաղկացուցիչ մասը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար։

Բժիշկը նմանատիպ գումարներ է պահանջել նաև Գյումրիի մի շարք այլ բնակիչներից՝ մինչև 250 հազար դրամի չափով։ Նրանցից մի քանիսը նույնպես ունեցել են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության իրավունք։

Բժշկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ կիրառվել է կալանք։ Նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։

Սեդա Մարտոյան