
Սոնա Մնացականյանի մահվան գործով Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել
2022 թվականի ապրիլի 26-ին վարչապետի շարասյանը ուղեկցող մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով զարգացումները նոր փուլ են մտել։ Դատական գործընթացի արդյունքում ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել։ Այս մասին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը՝ ընդգծելով, որ այս փուլում դատարանը որոշել է միայն մեղավորության հարցը, իսկ պատժի վերաբերյալ վճիռը կհստակեցվի առաջիկա դատական նիստերի ընթացքում։
Մեղավոր ճանաչված Նավասարդյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը, դատարանը թողել է անփոփոխ։ Նա մինչ օրս հերքում է մեղադրանքները՝ պնդելով, թե չի գերազանցել սահմանված արագությունը։ Միջադեպի վերաբերյալ դեռ նախաքննության փուլում իրավապահները հաստատել էին, որ Արամ Նավասարդյանը՝ Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատարը, ծառայողական «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայով ուղեկցելով վարչապետի շարասյանը, թույլ է տվել մի շարք խախտումներ։
Նրա գործողությունների հետևանքով, ըստ մեղադրանքի, խախտվել են երթևեկության կանոնները, ինչի հետևանքով 29-ամյա Սոնա Մնացականյանը մահացել է։ Ստացված տեսագրությունների և ցուցմունքների համաձայն՝ ավտոմեքենան չի ցուցաբերել անհրաժեշտ զգուշություն՝ ճանապարհը հատող քաղաքացուն նկատելու և ժամանակին կանգնելու համար։