
Երևանի «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ինստիտուտի նոր սեփականատերերին 30 մլն դրամ տուգանք է ներկայացվել
Երևանի Օրբելի փողոցում գտնվող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» գիտահետազոտական ինստիտուտի նոր սեփականատերեր Վիոլետա Սարգսյանն ու Աննա Գյոզալյանը դատարանի որոշմամբ տուգանվել են 30 միլիոն դրամով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նիստի ժամանակ նշեց, որ տուգանքը վերաբերում է 2024 թվականին նախատեսված ներդրումային ծրագրի չկատարմանը. մասնավորեցման առաջին տարում պետք էր ներդնել 150 մլն դրամ, սակայն իրականացված ներդրումները չհամապատասխանեցին ներկայացված ծրագրին:
Նախարարության տվյալներով՝ դատական գործընթացն արդեն սկսվել է, սակայն ներդրումային ծրագիրը շարունակում է մնալ ուժի մեջ:
Հիշեցնենք, որ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ինստիտուտը 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով մինչև 2023 թվականը պատկանում էր կառավարությանը: Մասնավորեցման մրցույթի արդյունքում բաժնետոմսերը վաճառվել են 3,265 մլն դրամով՝ սկզբնական 5 մլրդ դրամի փոխարեն: 2024-ի աշնանը ինստիտուտի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ուղղված նոր սեփականատերերի ղեկավարման ոճին և պարտադիր պարապուրդի ուղարկված աշխատակիցներին:
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը ստեղծվել է 1930 թվականիn: Տարիների ընթացքում համալիր ուսումնասիրվել և կլինիկական վերլուծության են ենթարկվել հանրապետության կուրորտների կլիման, կուրորտային և ռեկրեացիոն գոտիները, կլիմատոթերապիայի օդերևութաբանական պայմանները։ Հանրապետության բնական բուժական գործոնների՝ մասնավորապես հիդրոմիներալ ռեսուրսների ուսումնասիրման գիտականորեն հիմնավորված տվյալները և Հայաստանի տարբեր տարածաշրջանների կլիմայական բնութագրումը հիմք են հանդիսացել Արզնի, Ջերմուկ, Դիլիջան կուրորտների զարգացման, ինչպես նաև Հանքավան կուրորտի ստեղծման, «Արզնի», «Հանքավան», «Բջնի», «Դիլիջան», «Ջերմուկ», «Լիճք», «Լոռի», «Սևան» և այլ հանքային ջրերի շշալցման կազմակերպման համար։