ՀայաստանՊատահար

Անչափահասների դեմ հանցագործությունները Հայաստանում աճել են

2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ Քննչական կոմիտեն արձանագրել է 1011 անչափահասների նկատմամբ հանցագործություն, որից կեսից ավելին՝ 477-ը, 2024 թվականից փոխանցված վարույթներ են։ Անցյալ տարի նման դեպքերի թիվը կազմել է 887, ինչը ցույց է տալիս զգալի աճ:

Այս վարույթներից 53-ը արդեն ուղարկվել է դատարան, իսկ 316-ը կարճվել է, հիմնականում ռեաբիլիտացնող հիմքով (քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը)։ Սակայն 554 վարույթ դեռ հետագա քննության փուլում է։

Դատարան ուղարկված գործերում կան ծանր հանցագործություններ՝ սպանություն, առողջությանը վնաս հասցնել, մարդու առևանգում, սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ, ինչպես նաև երեխաներին պոռնկության կամ հակահասարակական գործողությունների ներգրավելու դեպքեր։

Տուժողների տարիքը նույնպես մտահոգիչ է. նրանցից 20-ը ընդամենը մինչև 12 տարեկան են, 14-ը՝ 12-14 տարեկան, 17-ը՝ 14-16, իսկ 10-ը՝ 16-18 տարեկան։

Քննչական կոմիտեն ընդգծում է, որ նման իրավիճակները բարձր ուշադրության և հասարակության ակտիվ մասնակցության կարիք ունեն. երեխաների պաշտպանությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է:

Հարևան երկրներում անչափահասների դեմ կատարված հանցագործությունների վիճակագրությունը տարբեր է, սակայն ընդհանուր միտումը ցույց է տալիս աճ՝ հատկապես Թուրքիայում և Ադրբեջանում: