
Դատավորի օգնականը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կոռուպցիոն դեպք Արագածոտնի մարզում։ Պարզվել է, որ մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը քաղաքացիական գործով հայցվորներին խոստացել է ապահովել իրենց օգտին դատական վճիռ՝ դրա դիմաց պահանջելով 350․000 դրամ։
Հայցվորները սկզբում հրաժարվել են գումար տալուց, ինչի հետևանքով դատարանը մերժել է նրանց հայցը։ Սակայն հետո նրանք նորից կապվել են օգնականի հետ և համաձայնել գումար վճարել՝ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու համար։ 2025 թվականի ապրիլի 10-ին դատավորի օգնականը ստացել է 350․000 դրամ կաշառք։
Հանցավոր արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 438-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ կիրառվել է գրավ՝ 2 միլիոն դրամի չափով, պաշտոնավարման կասեցում և Հայաստանից դուրս գալու արգելք։ Հայցվորներին նույնպես մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք տալու համար։
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։