Հայաստանում քննարկվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Լուրը հրապարակվել է ԱԽ գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
Հաղորդագրության համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում իրականացվում են աշխատանքներ՝ Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։ Թե ովքեր են մասնակցել հանդիպմանը, չի նշվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի համաձայն, գտնվում է մարզերում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հետևում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Երևանը Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել՝ նշելով, որ Վաշինգտոնի նպատակը Իրանի հրթիռային ծրագրի ոչնչացումն ու միջուկային զենք ստեղծելու հնարավորության կանխումն է։
Իրանն իր հերթին հայտարարել է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելու և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաները թիրախավորելու մասին։

