
236 ծառ ապօրինի հատվել է Նոյեմբերյանի անտառտնտեսությունում․ բուսական աշխարհին պատճառվել է շուրջ ավելի քան 25 միլիոն դրամի վնաս
Տավուշի մարզի Նոյեմբերյանի անտառտնտեսությունում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջին տարիներին տարածքում ապօրինի հատվել է 236 ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 25,4 միլիոն դրամի վնաս։ Ստուգումները ընդգրկել են 2021 թվականի հոկտեմբերից 2025 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածը։
Նախնական տվյալներով, ևս 343 հազար դրամի վնաս է հասցվել բուսականությանը հողօգտագործման պայմանագրերի անպատշաճ կնքման պատճառով։ Արձանագրվել է 1156 քմ անտառային հողի զավթում, որտեղ կառուցվել են 2 շինություն առանց թույլտվության, ինչը պատճառել է 365 հազար դրամի վնաս։
Բացի այդ, անտառային տարածքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործում, որի հետևանքով վնասվել է 7․492․500 դրամի հողային ռեսուրս։ Բացի նյութական վնասներից, պարզվել է, որ անտառկառավարողը չի պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, ինչը լրջագույն սպառնալիք է ստեղծում անտառային տարածքների համար:
Արձանագրված խախտումների հիման վրա առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե։