ՀայաստանՊատահար

Ճանապարհաշինական ընկերությունը ապօրինի շահագործել է հուշարձանի տարածքում գտնվող ավազահանքը

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում գործող ճանապարհաշինական ընկերությունը ապօրինի գործունեություն է իրականացրել։

Ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում, առանց համապատասխան պետական թույլտվության, շահագործել է «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձան հանդիսացող բլրի տարածքում գտնվող ավազահանքը։

Ըստ քննիչների, ընկերության կողմից կատարված արդյունահանման ծավալը կազմել է մոտ 5000 խմ ավազակոպճային զանգված։ Սա ոչ միայն հանգեցրել է շրջակա միջավայրի ու պատմական արժեք ունեցող տարածքի վնասմանը, այլ նաև պետությանը հասցրել է մոտ 6 մլն դրամի նյութական վնաս։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Չնայած գումարը փոխհատուցվել է, քրեական վարույթը դեռևս շարունակվում է, և իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։

Սեդա Մարտոյան