ՀայաստանՊատահար

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացրած նախկին քննիչը կալանավորվել է

Հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը օրերս կալանավորվել է 2023 թվականի օգոստոսի 12-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը ստացել է ծանր վնասվածքներ։

Վթարը տեղի է ունեցել Կոմիտասի պողոտայում, երբ Մուշեղյանը իր վարած Ford Fusion մակնիշի մեքենայով, հարբած վիճակում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի հատված և բախվել է Անդրանիկ Առաքելյանի վարած Volkswagen Golf-ին։ Արդյունքում Volkswagen-ի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Նվարդ Սարգսին ստացած վնասվածքները կյանքին վտանգ են ներկայացրել։

Մուշեղյանին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ՝ անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու համար։ Նախկինում նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը բացակայելու արգելքն էր, սակայն այժմ նա կալանավորված է։

Հրաչյա Մուշեղյանը այժմ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ Նա նախկինում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացրած քննիչն է եղել։

Սեդա Մարտոյան