Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցու պատարագին․ ով կիրականացնի այն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքում՝ հայտնելով, որ կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում կմասնակցի «սուրբ և անմահ պատարագի»։ Նախօրեին նա հաստատել էր, որ պատարագներին մասնակցում է այն պայմանով, որ այնտեղ չհնչի Ամենայն Հայոց կաթողիկոսի անուն։ Այդ խնդիրը լուծելու համար եկեղեցիներ են գնում նաև նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։
Շիրակի թեմում գործում են 24 քահանաներ, և դեռևս հայտնի չէ, թե նրանցից ով է երկրաշարժի զոհերի հիշատակի օրը պատարագ մատուցելու վարչապետի ներկայությամբ։ Ավելի վաղ հայտարարություններ կային այն մասին, որ Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել են վարչապետի մասնակցությամբ պատարագին շրջանցել Վեհափառի անունը։ Նշվում էր նաև, որ այս անգամ պատարագը կմատուցի Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը։
Սակայն վերջինս հայտնել է, որ այս հարցով իր հետ խոսել են ԱԱԾ աշխատակիցները, բայց ինքը հրաժարվել է պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը։
Հիշեցնենք՝ անցած տարի դեկտեմբերի 7-ի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունն էր տեղի ունեցել, որը գլխավորել էր Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Այդ օրը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը Վեհափառից ստացել էր եպիսկոպոսական պանակե, իսկ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան։ Այժմ երկուսն էլ կալանավորված են։
