
Հրդեհ Հայաստանի պետական բժշկական համալսարանում․ մեկ անձ հոսպիտալացվել է
Սեպտեմբերի 21-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Երևանի Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարանի շենքում։ Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն է ստացվել ժամը 19։04-ին։
Դեպքի վայր են մեկնել են ՆԳՆ փրկարարական ծառայության չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, ինչպես նաև Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները։
Փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է համալսարանի 7-րդ հարկում գտնվող լաբորատորիայում։ Կրակը շատ արագ տարածվել էր տարածքի գույքի վրա, իսկ միջանցքում այրվել էր մոտ 12 քմ կախովի առաստաղ։ Միաժամանակ, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից սենյակներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, իսկ մարվել՝ 20։14-ին։ Տուժածներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհի պատճառների վերաբերյալ տեղեկություն առայժմ չի հաղորդվում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։