ՀայաստանՊատահար

Արմավիրի մարզում սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը

Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Արմավիրի մարզում արձանագրվել է աղմկահարույց և ողբերգական դեպք։ Ժամը 23:52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է երկու մարդ, մեկ անձ էլ ստացել է վնասվածքներ։ Զոհվածներից մեկը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն է։

Տեղեկատվության համաձայն՝ ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցները դեպքի վայրում ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքները։ Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ պատճառներով է տեղի ունեցել միջադեպը, և արդյոք այն կապված է համայնքապետի պաշտոնեական գործունեության հետ։

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ շարունակվում են միջոցառումները՝ միջադեպի բոլոր հանգամանքները բացահայտելու և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ։

Սեդա Մարտոյան