
Ի՞նչ նոր մանրամասներ են հայտնի Փարաքարի սպանությունից
Արմավիրի մարզի Մերձավան գյուղում սեպտեմբերի 24-իին հնչած կրակոցների հետևանքով սպանվել են Փարաքար խոշորացած համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Սպանությունը տեղի էր ունեցել հենց համայնքապետի տան շրջակայքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ներքին գործերիր նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Աբրահամյանը սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա եղել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընկերն ու նրա հետ է գտնվել դեպքի պահին։
Կրակոցների հետևանքով վիրավորվել է ևս մեկ անձ, որի ինքնությունը դեռևս չի հրապարակվում։
Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ անհայտ անձը մոտեցել է և կրակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։ Այժմ ընթանում են նրա հայտնաբերման միջոցառումները։ Սպանության վայրում առկա տեսախցիկների ձայնագրությունները առգրավվել են։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին՝ ՏԻՄ ընտրություններից առաջ, Մերձավանում ևս մի սպանություն էր տեղի ունեցել․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակման հետևանքով զոհվել էր նրա հարազատ Գրիգոր Օհանյանը։ Այդ գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
Հարցին՝ արդյո՞ք վերջին սպանությունը կապված է նախորդի հետ և վենդետայի դրսևորում է, Նարեկ Սարգսյանը նշել է, որ քննվում են բոլոր վարկածները, սակայն հավելյալ մանրամասներ առայժմ հրապարակել չի կարող։
Փարաքար համայնքում ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը մարտին հաղթել էր ընտրություններում՝ ձայների ավելի քան 57 տոկոսըո-ով։
Փարաքարում արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, այդ ժամանակվա համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց արյունալի մի միջադեպի ներկա գտնվելու պատճառով: Ավտոլվացման կետերից մեկում վիճաբանություն էր տեղի ունեցել, որը ավարտվել էր սպանությամբ։ Լյուդվիգ Գյուլնազարյանի մասնակցությունը պաշտոնապես չէր հերքվել։ Համայնքապետն էլ դրան չի արձագանքել։ Սակայն այդ դեպքերից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել։