
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Երեկ՝ հուլիսի 27-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, սակայն դեռ կրակը չի մարվել։ Հրդեհը հայտանբերվել էր ժամը 14։20-ին արգելոցի թիվ 1 պահաբաժնում հերթապահություն իրականացնող օպերատիվ խմբի կողմից։
Նախնական տվյալներով՝ այրվել էր մոտավորապես 1 հեկտար խոտածածկույթ։ Թեպետ հրդեհը մեկուսացվել է, մարման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 41 փրկարար։ Ներգրավված են նաև ոստիկանության, Խոսրովի անտառի արգելոցի, էկոպարեկային ծառայության, ինչպես նաև գործընկեր կառույցների աշխատակիցներ ու տեղացի բնակիչներ։ Աշխատանքներին միացել է նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռը, որն օգնություն է ցուցաբերում օդից։
Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի դժվարամատչելի լեռնային հատվածներ։ Սա թույլ է տվել ժամանակին մեկուսացնել կրակը։
Այս պահին արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Նախատեսվում է հերթապահություն սահմանել տարածքում, որպեսզի բացառվի կրկնակի բռնկման վտանգը։