
Անհետ կորածների ծնողների բողոքը ՊՆ-ի մոտ լարված իրավիճակ է ստեղծել
Երևանում՝ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ, կրկին բողոքի ակցիա է անցկացվում։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են ՊՆ-ի դարպասների մոտ՝ պահանջելով հանդիպում գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և նախարարի խորհրդական, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։
Ցուցարար ծնողները դժգոհում են, որ իրենց ընդունելու պատրաստակամություն է հայտնել միայն ՊՆ տեղակալ Արման Սարգսյանը, այն էլ՝ ընդամենը երեք ծնողի հետ։ Մինչդեռ ավելի վաղ խոստացվել էր հանդիպում կազմակերպել 30 ծնողի հետ։
Ծնողներից մի քանիսը ներսում են, սակայն մնացածը հրաժարվում են հեռանալ նախարարության մուտքից։ Նրանք փակել են անցագրային կետի դարպասները։ Տարածք են բերվել մեծ թվով ոստիկաններ և ռազմական ոստիկանության ծառայողներ, որոնք շրջապատել են հավաքվածներին։
Ծնողները հիշեցնում են՝ իրենց հետ հանդիպման հարցը դեռևս սեպտեմբերի 27-ին է բարձրացվել։ Խոստացվել էր ընդունել սեպտեմբերի 29-ին, սակայն հստակ ժամ չնշվեց, ինչի պատճառով նրանք որոշեցին կեսօրից հավաքվել նախարարության դիմաց։ Նրանք նաև նախազգուշացնում են՝ եթե չստանան իրենց հարցերի պատասխանները, պատրաստ են կոշտ քայլերի, այդ թվում՝ քաղաքում կոլապսի պատճառ դառնալու։
Պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմում զոհվել է առնվազն 3941 զինծառայող և քաղաքացիական անձ, իսկ 191-ը շարունակում են համարվել անհետ կորած։