
Անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբորը կալանավորել են 1 ամսով
Պաշտպանության նախարարության դիմաց անհայտը կորած զինծառայողների հարազտների բողոքը վերածվում է ձերբակալությունների շարքի։ Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ երկու հարազատի ՊՆ և Ռազմական ոստիկանության ծառայողների հաղորդման հիման վրա ձերբակալել էին հանցավոր գործողությունների համար։ Նրանցից մեկին երեկ ազատ են արձակել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանին կալանավորել են 1 ամիս ժամկետով։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ՝ ձերբակալությունը կատարվել էր ՊՆ և Ռազմական ոստիկանության ծառայողների հաղորդման հիման վրա։ Նրա խոսքով՝ հարազատների գործողություններում ոչ մի հանցավոր դրդապատճառ չի եղել, իսկ միջադեպը պարզապես ծնվել է լարվածության ֆոնին․ մարդիկ պահանջում էին պատասխան՝ որտեղ են իրենց որդիները։ Զոհված զինծառայողներից մեկի ծնողը՝ Բագրատ Ուզունյանը, երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին Նոր Նորքի բաժանմունքից տեղափոխել են Աջափնյակի դատարան։ Նա հերքում է նաև ոստիկանության պնդումները, թե հարազատները շշեր են նետել ուժայինների ուղղությամբ։
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իրենց ծառայողները գործել են հարգալից, և որ որոշ մասնակիցներ նետել են շշեր ու այլ առարկաներ ռազմական ոստիկանների ուղղությամբ։ Սակայն հարազատները պնդում են՝ ուժայիններն էին սադրել բախումը։
Պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմում զոհվել է շուրջ 3940 մարդ, իսկ 191 զինծառայող և քաղաքացիական անձ դեռ համարվում է անհետ կորած։ Հարազատները ասում են՝ եթե պետությունը չկարողացավ նրանց գտնել, գոնե չպետք է ձերբակալի նրանց, ովքեր ամեն օր այդ հարցը բարձրացնում են։