Երևանում կասեցվել է այս տարվա արդեն չորրորդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը
Իրավապահները բացահայտել են հերթական հանցավոր «Զանգերի կենտրոնը», որն ըստ նախնական տվյալների զբաղվել է օտարերկրյա քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակությամբ։ Ինչպես հայտնում է ՆԳՆ-ն, սա նմանատիպ սխեմաների դեմ այս տարվա ընթացքում իրականացված արդեն չորրորդ դեպքն է։
Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նոյեմբերի 20-ին խուզարկություն են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող գրասենյակային տարածքում։ Նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք վարձակալած տարածքում ստեղծել են հանցավոր «Զանգերի կենտրոն», որտեղ կազմակերպված ձևով իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։
Իրավապահների տեղեկացմամբ՝ կենտրոնի մասնակիցները իրավապահների տեսադաշտում չհայտնվելու նպատակով հատուկ միջոցներ են ձեռնարկել՝ տարածքը արտաքինից քողարկելով և անվտանգության միջոցներ կիրառելով։ Նրանք հավաքագրել են աշխատակիցների, կազմակերպել վերապատրաստումներ և ապահովել տեխնիկական պայմաններ՝ համացանցային զանգերի ու հեռահար հասանելիությամբ համակարգիչների միջոցով օտարերկրյա քաղաքացիներին խաբելով գումարներ հափշտակելու համար։
Լայնածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են թե՛ կազմակերպության անդամները, թե՛ նրանց օգտագործած տեխնիկան։ Իրավապահները պարզել են նաև կեղծ հարթակների տվյալները, որոնց միջոցով կատարվել են հափշտակությունները, ինչպես նաև կրիպտոհասցեները, որտեղ տեղափոխվել են հանցավոր ճանապարհով ստացված գումարները։
Այս պահին ոստիկանները համագործակցում են տարբեր երկրների իրավապահ կառույցների հետ՝ տուժած քաղաքացիների մասին տեղեկություններ ստանալու համար։
