Տիգրան Օվանեսովի հորը նոր մեղադրանք է առաջադրվել
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3-ամյա Տիգրան Օվանեսովի հորը՝ Արմեն Օվանեսովին, նոր մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նոր՝ երեխայի նկատմամբ հնարավոր ֆիզիկական բռնության դեպքով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է Տիգրանի սպանության հանգամանքների քննությանը։ Նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել։
Մամուլում հրապարակված տվյալներով՝ բռնության է ենթարկվել նաև երեխայի եղբայրներից մեկը, որի դեմքին դեպքի օրը վնասվածքներ են հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ 3-ամյա Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին, իսկ նրա դին հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին՝ Ծափաթաղ գյուղին հարակից դաշտամիջյան հատվածում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ նախնական տվյալներով երեխային խեղդել է հայրը։ Արմեն Օվանեսովը կալանավորվել է երկու ամսով։
Նոյեմբերի 4-ին խնամակալության և հոգաբարձության մարմինը հրատապ նիստ էր գումարել, որի արդյունքում ընտանիքի մյուս երեխաները տեղափոխվել են ՀՕՖ։
