Լոռու մարզում գտել են անհետացած 74-ամյա տղամարդու մարմինը․ հարևանը խոստովանել է հանցանքը
Նոյեմբերի 28-ին, ժամը 12։20-ին, Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդու Ակներ թաղամասի բնակիչ՝ 74-ամյա Լյովիկ Շ․-ն նախորդ օրը դուրս է եկել տնից և չի վերադարձել։
Նույն օրը Ալավերդու համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Լյովիկ Շ․-ն գնացել է իր 75-ամյա հարևանի տուն։ Տեղի ունեցած կենցաղային վեճի ժամանակ հարևանը փայտե ձողով հարվածել է նրան՝ պատճառելով մահացու վնասվածք։
75-ամյա տղամարդը խոստովանել է կատարածը։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող փայտե ձողը։
Նա ձերբակալվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին։ Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են Թումանյանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
