Հայաստանում 17 լեհ է ձերբակալվել՝ Վերնիսաժում գույքը վնասելու համար
Դեկտեմբերի 12-ի գիշերը, ժամը 00։27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժ» համալիրի տարածքում լեհ երկրպագուները խուլիգանական վարքագիծ են դրսևորում և վնասում են գույքը։
Ներքին գործերի նախարարությունից Amnews-ին հայտնում են, որ ոստիկանության գվարդիայի ծառայողները Խանջյան փողոցում ձերբակալել են 17 լեհ քաղաքացու՝ հասարակության հանդեպ անհարգալից պահվածքի և խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Իրավիճակը վերահսկելի է և ձերբակալվածները գտնվում են ոստիկանության հսկողության տակ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղում «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է լեհական «Լեգիային» և ապահովել իր տեղը փլեյ-օֆֆում։
Չնայած ՈւԵՖԱ-ի սահմանած արգելքին, լեհ երկրպագուները ժամանել են Հայաստան և փորձել են մուտք գործել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ։ Խաղից առաջ նրանք փորձել են նաև տոմսեր ձեռք բերել հայ երկրպագուների համար նախատեսված սեկտորներում։
«Լեգիայի» ուլտրասները Եվրոպայում հայտնի են իրենց ագրեսիվ պահվածքով։ Նախկինում նրանք բախումներ են ունեցել ոստիկանության հետ Անգլիայում («Ասթոն Վիլայի» դեմ խաղում) և Նիդերլանդներում։
