Գյումրիում տղամարդը դանակահարել է ծնողներին․ նրանք մահացել են
Գյումրիում 37-ամյա տղամարդը դանակահարել է իր ծնողներին, ինչի հետևանքով վերջիններս մահացել են։ Տեղեկությունը հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Ոստիկանությունում դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10։10-ի սահմաններում։ «911» ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի 37 հասցեում գտնվող բնակարանի դուռը փակ է, իսկ ներսում գտնվող հարազատները չեն արձագանքում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը, ինչից հետո ներսում հայտնաբերվել են այնտեղ բնակվող ամուսինների դիերը։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։
Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին, և մորը՝ 63-ամյա Նազելի Ա․-ին, ինչի հետևանքով նրանք մահացել են։ Կասկածյալը ձերբակալվել է։ Դեպքի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղամարդը նախկինում ևս ծնողների նկատմամբ բռնի գործողությունների փորձ է կատարել և տարիներ շարունակ գտնվել է հոգեբուժական հաստատության հաշվառման մեջ։
