ՀայաստանՊատահար

ՊԵԿ-ը 161 կգ թմրանյութ է հայտնաբերել Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում. թուրք վարորդը ձերբակալվել է

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն ու Քննչական կոմիտեն կանխել են մեծ քանակի թմրամիջոցների Հայաստան ներմուծումը։ «Ագարակ» սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի կցորդում հայտնաբերվել է 161 կիլոգրամ «հերոին»՝ փաթաթված 322 փաթեթով։

Պարզվել է, որ բեռնատարի վարորդ Ա. Ա-ն Թուրքիայի քաղաքացի է։ Նա տեղում ձերբակալվել է և այժմ գտնվում է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում։

Քրեական վարույթի շրջանակում դատարանի համապատասխան որոշման հիման վրա նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է, ընտրվել կալանավորումը։ 

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը պետք է բեռնատար ավտոմեքենայով ՀՀ տարածքով տեղափոխվեր Վրաստան։

Ներկայում ՊԵԿ մաքսային ծառայողների և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցները ՀՀ տարածքով տեղափոխումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։