«Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած վթարի նախնական պատճառը բացահայտվել է
Երևանի «Վարդաշեն» ենթակայանում օրեր առաջ տեղի ունեցած վթարի նախնական պատճառի էլեկտրական բեռի կտրուկ ավելացումն է։ Հրդեհի օրը տվյալ տարածքում մինչ այդ արձանագրված միջին ցուցանիշների համեմատ ավելի շատ էլեկտրաէներգիա է օգտագործվել։ Այդ մասին հայտնել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի քանի հասցեներում իրականացվում են կանխարգելիչ հոսանքազրկումներ՝ բաշխիչ ցանցում հավելյալ բեռի վերաբաշխում կատարելու և հնարավոր վթարներից խուսափելու նպատակով։ Այս մասին Պետրոսյանը գրել է իր Ֆեյսբուքյան էջում։
Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է նաև վերջին տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճը՝ նշելով, որ դրանք ինտենսիվորեն ավելանում են։ Նրա տվյալներով՝ Ամանորի օրերին արձանագրվում է տարվա ամենաբարձր էլեկտրական բեռը․ 2022 թվականին այն կազմել է 1.243 ՄՎտ, 2023-ին՝ 1.264 ՄՎտ, 2024-ին՝ 1.286 ՄՎտ։ Իսկ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 23-ին, պիկ ժամին Հայաստանի էլեկտրական բեռը հասել է 1.489 ՄՎտ-ի։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը քաղաքացիներին կոչ է արել այս օրերին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան և զերծ մնալ կենցաղում էլեկտրասարքերի հավելյալ կիրառումից՝ ընդգծելով, որ դա կնվազեցնի ինչպես ցանցի ծանրաբեռնվածությունը, այնպես էլ քաղաքացիների ծախսերը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին՝ կեսգիշերին մոտ, հրդեհ էր բռնկվել Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին՝ շուրջ 200 քմ տարածքում։ Մասամբ այրվել էր էլեկտրական ենթակայանի գույքը։ Հրդեհը մեկուսացվել էր դեկտեմբերի 28-ին՝ ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։
Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում մի շարք ամբողջական թաղամասեր հոսանքազրկվել էին։ Էրեբունի վարչական շրջանում բնակիչները շուրջ երկու օր մնացել էին առանց էլեկտրամատակարարման։
