ԱշխարհՊատահարՌազմական

Հալեպում բախումների արդյունքում կա 9 զոհ

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կողմից այս գիշեր Սիրիայի Հալեպ քաղաքը հարձակումների է ենթարկվել, որոնց հետևանքով արձանագրվել են քաղաքացիական զոհեր և նյութական վնասներ։

Փակ են մի շարք ճանապարհներ, քաղաքի տարբեր հատվածներում սահմանվել է երթևեկության վերահսկում։ Հալեպի նահանգապետարանը ժամանակավոր դադարեցրել է դպրոցների, համալսարանների և պետական կառույցների աշխատանքը։

Դեպի Հալեպի օդանավակայան և այնտեղից չվերթերը ևս դադարեցվել են 24 ժամով։

Փոխհրաձգությունների կրակի տակ են հայտնվել նաև Աշրաֆիա, Շեյխ Մաքսուդ և Էլ-Միդան շրջանները։

Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանի խոսքով՝ քրդական երկու թաղամասերը անմիջականորեն սահմանակից են հայաբնակ շրջաններին, ինչի պատճառով ռազմական գործողությունները զգալի ազդեցություն են ունեցել նաև հայկական համայնքի վրա։ Հայերի շրջանում այս պահի դրությամբ վիրավորներ չկան։

Նրա փոխանցմամբ՝ հունվարի 6-ի առավոտյան իրավիճակը հարաբերականորեն խաղաղ էր․ հայկական համայնքը մասնակցել է պատարագի, իսկ թեմի առաջնորդը ընդունել էր հավատացյալների շնորհավորանքները։ Սակայն կեսօրից հետո իրավիճակը կտրուկ սրվել է։

Մարինա Գրիգորյան