Փաստաբանը թմրանյութ է տեղափոխեկ քրեակատարողական հիմնարկ․ ի՞նչ է հայտնի
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր վստահորդին թմրամիջոց փոխանցելու փորձի պատճառով փաստաբան է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Ծառայության հաղորդագրության համաձայն՝ հունվարի 10-ին «Վանաձոր» ՔԿՀ-ում իր վստահորդին այցելած փաստաբանի պայուսակից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել 8 առանձնացված փաթեթներ։ Զննությամբ պարզվել է, որ փաթեթներում եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված (21,9 գրամ), փոշենման, դարչնագույն զանգված (2,9 գրամ), սպիտակ, փոշենման և բյուրեղանման զանգված (0,8 գրամ):
ՔԿՀ-ում նախապես ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փաստաբանը կարող է տեսակցության ընթացքում փորձել թմրամիջոց փոխանցել իր վստահորդին։ Արդյունքում, իրականացված խուզարկության ընթացքում պայուսակից հայտնաբերվել են նշված փաթեթները։
Փաստաբանը ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ սկսելու համար։
