Աջափնյակի միջադեպի գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քրեական հետապնդումը հարուցվել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով (155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով)։ Նշված անձին ձերբակալելու որոշում է կայացվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Աբելյան փողոցում։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից և ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։

Վիրավորներից յոթը տեղափոխվել էին Արմենիա բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը մահացել է վիրահատության ընթացքում, մյուս վեցը վիրահատվել են։ Բժիշկների փոխանցմամբ՝ նրանց վիճակը կայուն է, և այս պահին որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։