Երևանի 7 փողոցներում այս տարի կկատարվեն միջին նորոգման աշխատանքներ

Այս տարի Երևանի յոթ փողոցներում նախատեսվում է իրականացնել միջին նորոգման աշխատանքներ։ Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Միջին նորոգում կիրականացվեն Տիգրան Մեծի պողոտայում, Գարեգին Նժդեհի, Ագաթանգեղոսի, Դեմիրճյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի փողոցներում և Եղվարդի խճուղում։

Բացի այդ, հիմնանորոգում նախատեսվում է իրականացնել Ավետիսյան փողոցում և Նուբարաշենի 9-րդ փողոցում։ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ քննարկումներ են եղել նաև Արին Բերդի փողոցի հիմնանորոգման վերաբերյալ, սակայն այն դեռևս բյուջեով հաստատված չէ։

Նրա խոսքով՝ քաղաքային բյուջեով միջին նորոգման համար հատկացվել է 1,7 մլրդ դրամ, իսկ փոսալցումների համար՝ մոտ 1,1 մլրդ դրամ։

Արմեն Փամբուխչյանը նշել է նաև, որ 2025 թվականին միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել Հրաչյա Քոչարի, Վաղարշյան, Էրեբունի, Անդրանիկի փողոցներում, Մյասնիկյան և Գայի պողոտաների կամուրջների հատվածում, ինչպես նաև Դավթաշենի կամրջի մոտ։ Այդ աշխատանքների համար ծախսվել է շուրջ 1,7 մլրդ դրամ։