ՀայաստանՍոցիալական

Իջևանում տնամերձ հողերը ինտենսիվ այգիների կվերածվեն. ծրագրից կօգտվեն ավելի քան 300 բնակիչ

Տավուշի մարզի Իջևան համայնքի չորս բնակավայրերում՝ Բերքաբերում, Խաշթառակում, Կիրանցում և Ծաղկավանում, մեկնարկում է ծրագիր, որի շրջանակում տնամերձ հողամասերը կվերածվեն ինտենսիվ այգիների։ Կձևավորվեն բարձր բերքատվությամբ այգեգործական կլաստերներ՝ տեղական ֆերմերների եկամուտներն ավելացնելու և հողի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Ծրագրին արդեն միանալու ցանկություն են հայտնել ավելի քան 300 տնային տնտեսություններ։ Ընդհանուր առմամբ խոսքը մոտ 18 հեկտար հողատարածքի մասին է։ Նախկինում նմանատիպ ծրագիր արդեն իրականացվել է Բերքաբերում և Խաշթառակում՝ ավելի փոքր՝ շուրջ 6 հեկտար ծավալով։

Համայնքներում նախատեսվում է իրականացնել հողի ագրոքիմիական ուսումնասիրություն, ֆինանսական գնահատում և կապալառու կազմակերպության ընտրություն։ Կառավարությունը պարտավորվել է ծածկել ծախսերի հիմնական մասը՝ 95 տոկոսը, իսկ մնացածը համաֆինանսավորվելու է համայնքների կողմից։ Շահառուները պետք է դիմեն համայնքապետարան մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը։

Ծրագրի շրջանակում կապալառու կազմակերպությունը պարտավորվելու է նաև շահառուներին տրամադրել երկամյա անվճար խորհրդատվություն և ուսուցում։

Նախաձեռնությունը միացված է նաև մարզում ձևավորվող գյուղատնտեսական կլաստերին։ Աչաջուրում կառուցվում է լոգիստիկ կենտրոն՝ սառնարանային և վերամշակման ենթակառուցվածքներով, որը շահագործման կհանձնվի սեպտեմբերին։ Այն նախատեսված է նորաստեղծ այգիներից բերքի մթերման և իրացման գործընթացն աջակցելու համար։