Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականի ապրիլը
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ընթացող վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը։ Այս մասին Ազգային ժողովի համատեղ հանձնաժողովների նիստում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ հուշահամալիրում իրականացվող աշխատանքներն ընթանում են սահմանված գրաֆիկով և վերահսկվում են մասնագիտական թիմերի կողմից։ Անդրեասյանը շեշտել է, որ մանիպուլյացիաները և հասարակական մտահոգությունները հիմնազուրկ են․ աշխատանքներն իրականացվում են այնպիսի եղանակով, որ այցելուների մուտքն անխափան լինի։
Մույթերի վերականգնման աշխատանքները նոր բան չեն նաև տեխնոլոգիական առումով․ նույն մոտեցմամբ վերանորոգում է կատարվել նաև 2015 թվականին։ Այժմ նախատեսվում է 3 մույթերի վերանորոգում, որից հետո գիտամեթոդական խորհրդում կքննարկվեն հաջորդ փուլերի աշխատանքները։ Ցանկացած քաղաքացի կարող է ներկա գտնվել այդ քննարկումներին, – ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ինքը պարբերաբար այցելում է հուշահամալիր՝ տեղում հետևելու շինարարական գործընթացին։ Նրա խոսքով՝ ամբողջ ընթացքը վերահսկվում է գիտամեթոդական, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող մասնագետների կողմից։
Հուշահամալիրի մույթերի վերանորոգման լուծումները մշակվել են մի խումբ փորձագետների կողմից՝ ներառյալ նախագծի համահեղինակ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի 8-ին։ Աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 743 մլն դրամ։ Շինարարությունը իրականացնում է «Բիդեք» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն։
