Ապարանում բացվել է «Միկրոտիեզերք» մուրալը
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ֆրանսիացի հայտնի սթրիթ-արտ արվեստագետ Բոլտը ստեղծել է «Միկրոտիեզերք» մուրալը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Մուրալը ներկայացնում է բուսական, կենդանական և մարդկային տարրերի խառնուրդ՝ դիցաբանական կերպարների միջոցով, որոնք պատմում են իրենց սեփական պատմությունը։
Բոլտի խոսքով՝ թեման երբեմն երազային է, երբեմն՝ ծիծաղելի կամ տարօրինակ։
Այս կերպարները կարող են լինել աստվածություններ, արձաններ, որտեղ բուսական, կենդանական ու մարդկային տարրերը խառնվում են։ Սա պատմող որմնանկար է. յուրաքանչյուր կերպար պատմում է իր սեփական պատմությունը։ Թեման երազային, հրաշալի կամ, երբեմն, աբսուրդային է։ Այստեղ խաչվում են մանկական պատկերների, հրեշների, աֆրիկյան քանդակների ու կոմիքսների թեմաները,- նշել է Բոլտը։
Մուրալը համադրել են Նիկոլա Լոգերո-Լասերը և Արամ Զուրաբյանը, իսկ նախագծին աջակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի ինստիտուտը։ Նախագիծը նպատակ ունի զարգացնել ժամանակակից քաղաքային արվեստը Հայաստանում և խթանել մշակութային երկխոսությունը տարբեր արվեստագետների միջև։
