
Երևանի պատմության թանգարանը կհամալրվի ավելի քան 200 տարեկան քարտեզով
Շվեյցարահայ Ավետիք Պողոսյանը Երևանին է նվիրաբերել ավելի քան 200 տարի առաջ հրատարակված աշխարհի քարտեզներից մեկը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Քարտեզը ստեղծվել է 1816 թվականին։ Այնտեղ նշված են ոչ միայն Հայաստան և Երևան անունները, այլև հայկական տեղանունները՝ Բայազետ, Էրզրում, Նախիջևան և այլն։ Այն կազմվել է քարտեզագիր․ աշխարհագետ Ադրին Հյուբերգ Բրյուեի կողմից։ Բացառիկ ցուցանմուշը այստեղ է հասել Շվեյցարիայից։
Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եղել են 100 նմանատիպ քարտեզներ։ Սակայն այսօր այդ օրինակներից պահպանվել են շուրջ 7-ը։ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում վերամշակման և վերանորոգման աշխատանքներ անցնելուց հետո այն կտեղափոխվի Երևանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունների շարքը։
Նախատեսվում է նաև թվայնացնել քարտեզը։